Ամսագրի մասին

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական գիտական հանդեսն է:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականը հրատարակվում է Գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ:

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականը ստեղծվել է «Գիտական հոդվածների ժողովածու» (գլխավոր խմբագիր՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյան) գիտական հանդեսի հենքի վրա (2014թ․): 2016 թվականին այն վերանվանվել է «Կաճառ» գիտական պարբերական։ Իսկ արդեն 2025 թվականին «Կաճառ» գիտական պարբերականը վերանվանվեց «Կաճառ/ Ակադեմիա. Հասարակագիտական պարբերական»։

2016 թվականից ի վեր այն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական ժողովածուների ցանկում:

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականը լույս է տեսնում տարին երկու անգամ և միտված է նպաստելու հասարակագիտական ոլորտի զարգացմանը, բարելավմանը և առաջընթացին:

Պարբերականում ընդգրկվում են հիմնարար և կիրառական հետազոտություններ հետևյալ որոլտներից՝

  • Իրավագիտություն,
  • Հոգեբանություն,
  • Քաղաքագիտություն,
  • Տնտեսագիտություն,
  • Լեզվաբանություն և բանասիրություն,
  • Մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա։

Պարբերականը, հրապարակելով գիտական և գիտամեթոդական հոդվածներ, նպատակ է հետապնդում իրազեկել հասարակագիտության մեջ առկա արդիական ու հրատապ արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդյունքների վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս շուրջ իրականացնելու գիտական քննարկումներ ու բանավեճեր, զարգացնելու նոր գաղափարներ և դրանք կյանքի կոչելու:

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականում զետեղվում են գիտական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք կօժանդակեն հասարակագիտական բնագավառների առջև ծառացած խնդիրների լուծմանը, առկա հիմնախնդիրների լուսաբանմանն ու իմաստավորմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանն ու ներդրմանը:

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականի խորագրերն ամփոփում են հումանիտար և հասարակական գիտությունների հիմնախնդիրների վերաբերյալ հոդվածներ՝ նախատեսված գիտության և կրթության համակարգում աշխատողների և հասարակագիտության բնագավառների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար:

Պաշտպանելով բազմակարծության և խոսքի ազատության սկզբունքները՝ խմբագրակազմը հիշեցնում է, որ հոդվածներում և հրապարակումներում ներկայացված տեսակետները հեղինակային են, և հնարավոր է՝ չհամընկնեն խմբագրակազմի պաշտոնական դիրքորոշումների հետ:

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականի կայքում խմբագրությունը հրապարակելու է համարների բովանդակությունը, հոդվածների ամփոփումները, հանգուցային բառերն ու արտահայտությունները:

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականում հոդվածները տպագրվում են անվճար՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ֆինանսական միջոցներով։